Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Թատերական վարվելակարգ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելելու հիմնական Պայմաններն ու Կարգը

Հարգելի հանդիսատես,
Բոլոր ժամանակներում թատրոն այցելելը յուրահատուկ իրադարձություն էր: Տիկնայք և պարոնայք այդ առիթով հատուկ զուգվում էին երեկոյան հագուստներով ու սմոքինգներով: Մեր օրերում հանդիսատեսից խիստ դրես – կոդ չի պահանջվում, բավական է հագուստի ազատ ոճը: Բացառություն են կազմում սպորտային և արտաքին հագուստը: Արգելվում է մտնել թատրոնի շենք կենդանիներով: Չի կարելի մտնել դահլիճ սննդով և խմիչքներով և, ամենակարևորը, խիստ արգելվում է այցելել թատրոն ոչ սթափ վիճակում:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել թատրոն այցելելու հիմնական պահանջներին:

Ձեռք բերելով Թատրոն այցելելու տոմս՝ հանդիսատեսը պարտավորվում է պահպանել նշված Պայմաններն ու հասարակական կարգը Թատրոնի տարածքում:

Թատրոնի Ադմինիստրացիան իրավունք ունի կատարելու ներկայացումների դերակատարների փոփոխություն՝ առանց այդ մասին նախապես տեղեկացնելու: Դերակատարների փոփոխությունը հիմք չի հանդիսանում տոմսը վերադարձնելու համար՝ բացառությամբ մենահամերգների և ստեղծագործական երեկոների:

Հանդիսականները պարտավոր են խնամքով վերաբերվել Թատրոնի իրերին: Անձնական իրերը կորցնելու դեպքում պետք է դիմել Թատրոնի հերթապահ ադմինիստրատորին:

Ներկայացումների ժամերի, բոլոր տեսակի փոփոխությունների և այլ տեղեկությունների մասին կարելի է իմանալ՝ այցելելով Թատրոնի տոմսարկղ, զանգահարելով +374 10 53 33 91 հեռախոսահամարով կամ տեղեկանալ www.opera.am պաշտոնական կայքի «Աֆիշա» բաժնից:

Ներկայացումը /համերգը/ սկսելուց մեկ ժամ առաջ իրականացվում է հանդիսատեսի մուտքը Թատրոն: Հանդիսասրահ մուտքը իրականացվում է առաջին զանգից հետո: Երրորդ զանգից հետո արգելվում է մուտքը Պարտեր և Ամֆիթատրոն: Ուշանալու դեպքում անհրաժեշտ է զբաղեցնել Թատրոնի աշխատակցի կողմից առաջարկած նստատեղը, իսկ ընդմիջման ընթացքում զբաղեցնել տոմսի վրա նշված տեղը:

Ներկայացման ընթացքում կապի բոլոր միջոցները պետք է անջատված լինեն: Արգելվում է առանց Թատրոնի ադմինիստրացիայի գրավոր թույլտվության լուսանկարել, տեսագրել և ձայնագրել ներկայացումները:

Թատրոնի արտիստներին ծաղիկներ կարելի է փոխանցել նախապես՝ բեմի երկու կողմերում կանգնած հսկիչների միջոցով՝ ծաղկեփնջի մեջ թողնելով համապատասխան գրություն:

Թատրոնի տարածքում ծխելն արգելվում է:

Նշված կետերում սահմանված պահանջները չկատարելու դեպքում Թատրոնի Ադմինիստրացիան իրավունք ունի կարգազանց անձանց հեռացնելու կառույցից: