վերադառնալ Հայկ Տիգրանյան

Հայկ Տիգրանյան
Օպերային երգիչ, բաս
Կենսագրություն
Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 30-ին՝ Երեւանում: Բեմական արվեստում առաջին քայլերը արել է 1996թ.` կատարելով Քաջ Նազարի դերերգը Ն.Դուրյանի բեմադրած համանուն մյուզիքլում: 1997թ. ավարտել է երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, 2006թ.` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների բաժինը` որպես հոբոյահար, իսկ 2008թ.` վոկալի բաժինը: 2002թ. որպես հոբոյահար աշխատել է ՌԴ Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում` դիրիժոր Խիլկեւիչի ղեկավարությամբ, 2004-2006թթ` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում` որպես հոբոյահար եւ հոբոյների խմբի կոնցերտմայստեր: 2003թ-ից Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Բազմիցս մասնակցել է Գեղամ Գրիգորյանի եւ Պատրիցիա Պաչեի (Իտալիա) վարպետության դասընթացներին: 2011թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Եվգենի Օնեգին» թատերականացված համերգում հանդես է եկել Զարեցկիի դերերգով` դիրիժոր Է.Թոփչյանի ղեկավարությամբ: Համագործակցել է դիրիժորներ Է.Դյադյուրայի եւ Խիլկեւիչի, ռեժիսորներ Մարիո Կոռադիի, Գեորգի Իսահակյանի, Ջորդանիա Գայոզի, Իռկին Գաբիտովի հետ:
Խաղացանկ
Ռամֆիս, Բժիշկ, Ֆեռանդո` Վերդիի «Աիդա», «Տրավիատա», «Տրուբադուր», Մազետտո` Մոցարտի «Դոն Ժուան», Ցունիգա` Բիզեի «Կարմեն», Ծեր գնչու` Ռախմանինովի «Ալեկո», Գրեմին, Զարեցկի` Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոն Բազիլ` Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը», Մեֆիստոֆել` Գունոյի «Ֆաուստ», Կոնչակ, Պոլովեցյան խան` Բորոդինի «Իշխան Իգոր», Կոլլեն` Պուչչինիի «Բոհեմ» օպերաներում:
Մրցանակներ
2012թ. դարձել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետությունում 28-րդ անգամ անցկացվող «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթի մրցանակակիր:
Հյուրախաղեր
2012թ. հյուրախաղերով հանդես է եկել Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում: 2013թ. «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Հայ մեներգիչների Գալա-համերգին: