Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Կարեն Դուրգարյան

Կարեն Դուրգարյան
Երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Կենսագրություն

Ծնվել է 1969թ. մարտի 14-ին՝ Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1997թ. ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (պրոֆ. Մուսինի դասարան): 1995թ. եղել է Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ասիստենտ, ապա` սիմֆոնիկ նվագախմբի պատասխանատու դիրիժորը, 1997թ.` Երևանի Կամերային երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավարը և դիրիժորը: 2001թ. դարձել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը: 2001-2002թթ. բեմադրել է Բիզեի «Կարմեն» և Բելինիի «Նորմա» օպերաները, որոնք 2003թ. բեմադրել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնում: 2000թ. աշխատել է արաբական հայտնի երգչուհի Ֆայրուզի հետ, ում հետ 2000-2001թթ. և 2003թ. մասնակցել է Բեյրութի փառատոներին: 2005թ. Ստամբուլի կենտրոնում ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: 2006թ. ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ նվագախումբը և բացել է «Երաժշտական Օլիմպուս» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը: 2008թ. Դամասկոսի արաբական մշակութային փառատոնի ժամանակ հանդես է եկել միջազգային նվագախմբի և երգչախմբի նվագակցությամբ:

Հյուրախաղեր

1997թ. հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Ալդենբուրգ քաղաքում տեղի ունեցող փառատոնում: 2002-2003թթ. Գ.Ռոժդեստվենսկու հետ համատեղ Իտալիայի Թուրին քաղաքում բեմադրել է Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերան և 5 համերգով հանդես է եկել Կալիարիում: Հետագայում բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լիբանանում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլուր:

Մրցանակներ

2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Իսկ 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալին մշակույթի և արվեստի ոլորտներում ձեռք բերած արժանիքների համար: