Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Արցախում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է մեծանուն օպերային երգչուհի, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ կամ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈԽԱԿԸ
«Ես հնչեցնում եմ իմ ժողովրդի ձայնը: Նույնիսկ այն ժամանակ, երբ երգում եմ ոչ թե հայկական, այլ համաշխարհային երաժշտության նմուշներ, ես երգում եմ հայկական հոգու թախիծով ու լույսով»:
Գոհար Գասպարյան
Օպերային թատրոնի աստղը
Օպերային արվեստի մեծագույն վարպետ, կոլորատուրային սոպրանո և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում:
Նա ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել Է Ֆելդմանի և Վ. Կարրոյի դասարանում։ 1940թ. ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948թ. հայրենադարձվել է Հայաստան։ 1949թ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհին:
Նրա երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 1956թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984թ.` սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964թ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1973թ. եղել է Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Գոհար Գասպարյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ:
Հայաստանի սոխակը
Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, լսելով Գոհար Գասպարյանի անզուգական կատարումները, նրան անվանեց «Հայաստանի սոխակ»: Վարպետը Գոհար Գասպարյանի մասին ասել է. «…Աղջի՛կս, դու մի նոր էջ ես բացում երգարվեստի ասպարեզում: Դու հավերժ չխամրող ձայն ունես, ինչպես սոխակը: Այսօրվանից դու հայոց սոխակն ես: Դու մեր հոգիներին անդորր ես պարգևում քո անկրկնելի ձայնով»:
Գասպարյանական Անուշը
«Հայաստանի սոխակը» հետագայում բազմաթիվ անզուգական դերեր մարմնավորեց, սակայն Գոհար Գասպարյանի Անուշը մնաց բոլոր ժամանակների լավագույն դերակատարումը: Երգչուհին հիշում է. «Անուշի հետ ծանոթացա 1950-ին, երբ թատրոնի անզուգական երաժշտական ղեկավարը՝ մեծատաղանդ դիրիժոր Միքայել Թավրիզյանն, առաջարկեց ուսումնասիրել այն, և եթե հավանեմ, ապա մասնակցեմ նոր բեմադրությանը: Չնայած հազար ու մի հոգսերին՝ ձեռնամուխ եղա օպերայի և դերերգի ուսումնասիրությանը…Ես ցնցված էի…
• Սիրելի՛ մաեստրո, - ասացի Թավրիզյանին, - ես այս դերը չեմ կարող երգել, կհուզվեմ, նույնիսկ լաց կլինեմ…
• Ես գիտեի, որ դերը պիտի սիրեք, - ասաց մաեստրոն, - և գնալով դեռ շատ ավելի կսիրեք…Իսկ ինչ վերաբերում է հուզվելուն ու լաց լինելուն, առաջին մի քանի ներկայացումից հետո կանցնի…կընտելանաք:
Սիրելի մաեստրոն իրավացի էր առաջին հարցում. գնալով ես ավելի սիրեցի դերերգը: Բայց սխալվեց երկրորդում. ես երբեք չընտելացա Անուշին: Ինչքան էլ երգեցի, միշտ հուզեց ինձ ու լացացրեց…Քանի՜-քանի դերերի ճակատագրերի ընտելացա, հաշտվեցի, բայց Անուշի ճակատագիրը միշտ էլ վրդովեց ու փոթորկեց սիրտս ու հոգիս»:
Մեծերը Գոհար Գասպարյանի մասին
«Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին»:
Մարտիրոս Սարյան
«Գոհար Գասպարյանի կատարումը հուզում է իր անմիջական անկեղծությամբ, լիրիկական ջերմությամբ: Զգացվում է դերերգի մտահաղացման և երաժշտական պարտիայի և բանաստեղծական կերպարի լրիվ միաձուլումը»:
Սիլվա Կապուտիկյան
«Առաջին անգամ Գոհարի երգը լսելիս՝ հարցրի նրան.
• Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը՝ քեզնից:
Եվ ամեն անգամ Հայաստանի սոխակին լսելիս՝ սիրտս լցվում է միշտ նույն խորին հուզումով»:
Ավետիք Իսահակյան
«Մեծ է Գոհար Գասպարյանի ներդրումը միջազգային երաժշտական արվեստի գանձարանում: Մեր ազգային երգարվեստը նա բարձրացրեց մի նոր աստիճանի: Իր երգով նա ջերմացրեց շատերի սրտերը»:
Վիկտոր Համբարձումյան
«Գոհար Գասպարյանի մեկնաբանմամբ նոր դարաշրջան է սկսվում «Անուշ» օպերայի պատմության մեջ, և այսուհետ այդ կերպարի հետագա կատարողների համար չափանիշ պետք է դառնա «գասպարյանիզմը»:
Միքայել Թավրիզյան
«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է թե, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է»:
Զարուհի Դոլուխանյան
Մամուլը Գոհար Գասպարյանի մասին
«Գոհար Գասպարյանին ունկնդրելուց հետո հասկանում ես, որ սովորական երգչուհի չէ նա: Նրա ձայնը այնքան գեղեցիկ է ու հզոր, որ կարող է կոլորատուրային ամենադժվարին ու աներևակայելի թռիչքներ ունենալ: Նրան ունկնդրելիս՝ տեղափոխվում ես մի այլ աշխարհ»:
Նյու Յորք թայմս
«Երգչուհու ոսկյա ձայնը գերում է երաժշտության բոլոր երկրպագուների սրտերը: Նույնիսկ սոխակը, լսելով նրան, գունաթափվում է նախանձից…Գոհար Գասպարյանը սկսում է երգել, և հասարակությունը խենթանում է»:
Լա Գազեթ
Առեղծվածային երգչուհին
Ինչպես աշխարհի ամեն մի նշանավոր թատրոն, այնպես էլ Երևանի օպերային թատրոնը պիտի ունենար իր առաջատարը՝ իր աստղը, ով խմբի մեջ բարձր կանգնած լիներ բոլորից և հանդիսանար ողջ հասարակության առավել սիրելի արտիստը: Մեր բախտը բերեց, քանզի ոչ բնությունը ժլատ գտնվեց, և ոչ էլ ժամանակը ուշացավ՝ պարգևելու չնաշխարհիկ մի երգչուհի, ով իր անվան նման թանկ պիտի լիներ և իր տեսակի մեջ՝ եզակի:
Այդ առեղծվածային երգչուհին ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էր
Սերգեյ Առաքելյան