Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Աիդա

Ջուզեպպե Վերդի
ԱԻԴԱ
Օպերա 4 գործողությամբ


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ`

  • Եգիպտոսի արքա` փարավոն (բաս)
  • Ամներիս` արքայադուստր (մեցցո-սոպրանո)
  • Ամոնասրո` Եթովպիայի արքա (բարիտոն)
  • Աիդա` Ամոնասրոյի դուստրը, Ամներիսի ստրկուհին (սոպրանո)
  • Ռադամես` պալատական պահակազորի հրամանատար (տենոր)
  • Ռամֆիս` գլխավոր քրմապետ (բաս)
  • Սուրհանդակ` (տենոր)

  • Քրմեր, քրմուհիներ, պալատականներ, զինվորներ, սպասավորներ, ստրուկներ և գերեվարված եթովպիացիներ, ժողովուրդ:
  • Գործողությունների վայրը` Մեմփիս, Թեբե:
  • Փարավոնների իշխանության ժամանակաշրջանը:


ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Արքայական պալատ Մեմփիսում: Քրմապետ Ռամֆիսը հայտնում է պալատական պահակազորի երիտասարդ հրամանատար Ռադամեսին, որ եթովպացիները սպառնում են Եգիպտոսին պատերազմով:Ռադամեսը փափագում է գլխավորել զորքը, հաղթել եթովպացիներին և փառքով պսակված վերադառնալ իր սիրեցյալի` ստրկուհի Աիդայի մոտ: Արքայադուստր Ամներիսը սիրահարված է Ռադամեսին: Նա խոստովանում է իր զգացմունքները: Աիդան լսում է Ամներիսի խոստովանությունը: Նրա սիրտը ալեկոծվում է իր ժողովրդի ճակատագրի անորոշությունից և Ռադամեսի սիրուց: Իր շքախմբով շրջապատված Փարավոնին սուրհանդակը հայտնում է, որ եթովպացիները Ամոնասրո արքայի գլխավորությամբ մոտենում են Թեբե քաղաքին: Փարավունը Ռադամեսին հանձնում է գլխավոր զորքը: Քրմերը Ռադամեսին զորահրամանատար են կարգում` հանձնելով նրան սրբազան թուրը: Աիդան շփոթության մեջ է: Նա աղոթում է նոր հաղթանակի համար ու գիտակցում, որ նրա հաղթանակը նշանակում է իր սիրեցյալի պարտությունը կամ մահը:: Ծանրր ապրումների մեջ նա դիմում է աստվածներին` աղերսելով գթալ իրեն:


ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈւՆ

Ամներիսը լոգանք է ընդունում իր ապարանքում: Սպասուհիները հագցնում և զվարճացնում են նրան` երգելով Ռադամեսի մարտական սխրանքների մասին: Աիդայի զգացմունքների մասին կասկածող Ամներիսը դիմում է խորամանկության` ասելով, թե Ռադամեսը սպանվել է մարտի դաշտում: Աիդայի շփոթմունքն ամրապնդում է արքայադստեր կասկածները և նա սպառնալիքներ է տեղում ստրկուհու վրա, ապա խոստովանում, որ Ռադամեսը կենդանի է:
Տեսարան Թեբե քաղաքի հրապարակում: Ժողովուրդը ցնծությամբ դիմավորում է հաղթանակած զորքին: Հրամանատար Ռադամեսը ծնկի է գալիս Ամներիսի առջև, ով թագ է դնում նրա գլխին: Փարավոնը հարցնում է զորավարին, թե ինչ պարգև է կամենում նա: Ի պատասխան` Ռադամեսը խնդրում է ներս բերել գերեվարված եթովպացիներին: Գերիների շարքում է Աիդայի հայրը` Ամոնասրոն, ով զգուշացնում է դստերը չմատնել իրեն: Ներկայանալով իբրեվ սովորական զինվոր` նա հայտնում է, որ եթովպացիների արքան սպանվել է մարտում և փարավոնին խնդրում է ազատել ժողովրդին գերությունից: Սակայն քրմերը դժգոհում են: Ի վերջո, փարավոնը որոշում է ազատել ժողովրդին` գերության մեջ պահելով նրանց առաջնորդներին` Ամոնասրոյին և աիդային: Նա հայտնում է, որ արքայադուստր Ամներիսին կնության է տալիս քաջ զորահրամանատար Ռադամեսին:


ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Գիշեր է Նեղոսի ափին: Տաճարից լսվում են Իզիդային ձոնված հիմները: Ամներիսը` պսակադրությունը նախապատրաստելով, գալիս է տաճար աղոթելու: Աիդան տառապում է` սպասելով Ռադամեսի հետ իր վերջին հանդիպմանը: Ամոնասրոն ստիպում է դստերը իմանալ Ռադամեսից` ի՞նչ ճանապարհով է նա տանելու զորքը: Աիդան հակառակվում է, սակայն հայրը ստիպում է նրան գնալ այդ քայլին` իր ժողովրդի փրկության համար: Աիդան իր սիրեցյալին առաջարկում է փախչել միասին. սկզբում Ռադամեսը հրաժարվում է` դավաճանություն համարելով փախուստը, ապա համաձայնում է և ասում, որ հարկավոր է փախչել այն տարածքով, որտեղից պատրաստվում են հարձակում գորել եթովպացիների վրա: Թաքստոցից հայտնվում է Ամոնասրոն: Զորավարը, գիտակցելով, որ հայրենիքի դավաճան դարձավ, ինքնակամ հանձնվում է քրմապետին:


ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Արքայական պալատում Ամներիսը հայտնում է Աիդայի փախուստի և Ռադամեսի դավաճանության մասին: Նա խոստովանում է Ռադամեսին, որ կխնդրի արքային ներել նրան, եթե ընդունի իր սերը: Բայց Ռադամեսը անկոտրում է: Տաճարի գետնահարկում քրմերը պետք է վճիռ կայացնեն: Դասալիք, հայրենիքի դավաճան համարվող Ռադամեսը կարող է արդարացնել իրեն, բայց հպարտորեն լռում է: Քրմերը վճռում են նրան կենդանի թաղել Աստծո խորանի տակ: Տաճարի նկուղում Ռադամեսը սպասում է մահվան ժամին և մտածում Աիդայի մասին: Հանկարծ ձայն է լսում. Աիդան է, ով թաքուն սողոսկել է դամբարան` իր սիրելիի հետ միասին կիսելու բախտը: Ռադամեսը զարմանում է այն մտքից, որ Աիդան այստեղ կնքել է իր մահկանացուն, սակայն Աիդան մխիթարում է նրան: Սիրահարների կյանքի հետ վերջին հրաժեշտի երգին ձուլվում է դժբախտ Ամներիսի աղոթքը: