Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Ալմաստ

Ա. Սպենդիարյան
Ալմաստ
Օպերա 2 գործողությամբ


Գործող անձինք`

  • Նադիր շահ` Պարսկաստանի տիրակալ (բաս)
  • Թաթուլ` հայ իշխան (բարիտոն)
  • Ալմաստ` Թաթուլի կինը (մեցցո-սոպրանո)
  • Աշուղ` շահի պալատական (երգիչ տենոր)
  • Շեյխ` շահի մերձավորը (տենոր)
  • Ալի Մուրադ` պարսիկ զինվորական (տենոր)
  • Աղա` շահի պալատական (բաս)
  • Ռուբեն` Թաթուլի ընկերը (բաս)
  • Գայանե` իշխանուհու մտերմուհին (մեցցո-սոպրանո)
  • Գուշակուհի (մեցցո-սոպրանո)
  • Երիտասարդ ռազմիկ (տենոր)
  • 1-ին զորապետ (բաս)
  • 2-րդ զորապետ (բաս)
  • 3-րդ զորապետ (բաս)

Ներկայացմանը մասնակցում են երգչախմբի, բալետայի խմբի, միմանսի արտիստները:

Համառոտ Բովանդակություն

Առաջին գործողություն

Պարսիկների ճամբար: Պարսկական զորքին ոչ մի կերպ չի հաջողվում նվաճել հայկական Թմուկ բերդը: Որոշելով ոգևորել իր զորապետների մարտական ոգին` պարսից շահը նկարագրում է նրանց ավերված Հայաստանի մեռյալ պատկերը: Սակայն այդ պահին հայտնվում է սուրհանդակը և հայտնում, որ իշխան Թաթուլը չի համաձայնվում պարսիկներին հանձնել շրջապատված բերդը: Համոզվելով, որ հայերին հնարավոր չէ հաղթել բաց ճակատամարտում, Նադիր շահը օգնություն է խնդրում ծեր շեյխից: Շեյխը խորհուրդ է տալիս գրավել Թաթուլի կնոջը` փառասեր գեղեցկուհի Ալմաստին, խոստանալով նրան պարսկական թագը և նրա միջոցով ներխուժել Թմուկ բերդ: Շեյխի առաջարկությունը ոգևորում է Նադիր շահին: Նա իշխանուհու մոտ է ուղարկում աշուղին` նրա միջոցով հաղորդելու իր առաջարկությունը: Երեկո էր: Նադիր շահն իր առաջնորդների հետ սկսում է խորհրդավոր աղոթք:

Թմուկ բերդում կանայք նախշազարդում են վանքի ծածկոցը: Հայտնվում է հուզված Ալմաստն իր ընկերուհի Գայանեի հետ: Գայանեն հայտնում է իշխանուհուն, որ գիշերը լսել է նրա տագնապալից զառանցանքը: Ալմաստը տենդագին շշնջում է. <<Լռիր…Կսպանեմ>>: Գուշակուհու խոսքերն ավելի են շփոթեցնում Ալմաստին: Հնչում է քամանչայի ձայնը. աշուղն է` Նադիր շահի պատգամավորը, ով եկել է իշխանուհուն հայտնելու շահի առաջարկը: Ալմաստը հրապուրվում է աշուղի երգով: Նա համակվել է հակասական զգացմունքներով: Նրա մեջ խոսում են փառասիրությունն ու ձգտումը դեպի պարսկական գահը, զղջումն ու սերը դեպի Թաթուլը: Հաղթական մարտից հետո հանդիսավորությամբ բերդ է վերադառնում Թաթուլն իր զինվորների հետ:

Երկրորդ գործողություն

Հայերը տոնում են իրենց հաղթանակը: Թաթուլի զինակիցը` Ռուբենը, կենաց է առաջարկում իշխանի պատվին: Այնուհետև կենաց-բաժակ է բարձրացնում Թաթուլը: Նա խմում է զինվորների կենացը, հիշում մարտի դաշտում զոհված հերոսներին: Սկսում են պարել: Ցանկանալով բավարարել իր փառասիրական տենչանքները և միևնույն ժամանակ խուսափել դավաճանությունից` Ալմաստը դիմում է Թաթուլին` խնդրելով նրան նվաճել հեռավոր երկրներ և իրեն դարձնել աշխարհի տիրուհի: Սակայն Թաթուլի համար խորթ և օտար են Ալմաստի փառասիրական երազանքները: Համոզվելով Թաթուլի անսասանության մեջ` իշխանուհին վերջնականապես որոշում է ընդունել Նադիր շահի առաջարկությունը: Իր մոլեգին վիճակն Ալմաստն արտահայտում է խելացնոր պարով: Ընդհատելով պարը` Ալմաստը բարձրացնում է իր գավաթը: Երբ հարբած զինվորներն ու Թաթուլը խորը քուն են մտնում, Ալմաստը պայմանական ազդանշան է տալիս պարսիկներին:

<<Մարգարեական ձայներն>> իզուր են ջանում արթնացնել զինվորներին: Պարսիկները գրավում են անպաշտպան բերդը: Հայերը պարտված են, սակայն հաղթանակը չի ուրախացնում շահին: Նա հրամայում է ներս բերել Ալմաստին: Եվ այստեղ իշխանուհին հասկանում է, որ իրեն սպասում է ոչ թե պարսկական գահը, այլ Նադիրի հարեմի հարճի տեղը: Խաբված և սարսափահար իր արարքից` Ալմաստը նետվում է դեպի Նադիր շահը և դաշունահարում նրան: Շահի թիկնապահները նիզակահարում են Ալմաստին: