վերադառնալ Արամ Խաչատրյան. «Գայանե» բալետ
«Գայանե» բալետը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գլուխգործոցներից մեկն է: «Գայանեն» հայկական ազգային առաջին բալետն է չորս գործողությամբ։ Լիբրետոն` Կ. Դերժավինի։ Ստեղծագործությունն ի սկզբանե կոչվում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»: Առաջին բեմադրությունը կայացել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում՝ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստների մասնակցությամբ։ «Գայանեն» վերաբեմադրվել է 1952 թվականին։ Ներկայումս «Գայանե» բալետը կարևոր տեղ է զբաղեցնում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում:
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳԱՅԱՆԵ
ԲԱԼԵՏ 3 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ
Գործող անձինք`
- Հովհաննես՝ կոլտնտեսության նախագահ
- Գայանե՝ նրա աղջիկը
- Արմեն՝ չոբան
- Նունե՝ կոլտնտեսուհի
- Կարեն՝ կոլտնտեսական
- Կազակով՝ արշավի ղեկավար
- Ոմն անհայտ
- Գիքո՝ կոլտնտեսական
- Աիշա՝ կոլտնտեսուհի
Ագրոնոմը, կոլտնտեսականները, երկրաբանները, սահմանապահները և սահմանապահ պահակախմբի ղեկավարը:
Գործողությունը տեղի է ունենում Հայաստանում՝ XX դարի 30-ական թվականներին:
Համառոտ բովանդակություն
Առաջին գործողություն
Գյուղ բերքատու դաշտավայրում: Ժողովուրդը հավաքված գյուղամիջում՝ զվարճանում է աշխատանքային օրվանից հետո: Աղջիկների մեջ իր կենսուրաղությամբ և հմայքով աչքի է ընկնում Գայանեն: Գեղեցիկ և թռվռուն, ինչպես լեռնային եղնիկ, նա ուրախ պար է սկսում: Գայանեն իր մեջ ասես մարմնավորում է ողջ Հայաստանը՝ իր անմար գույներով, անկրկնելի երանգներով: Հրճվանքով է նայում իր սիրեցյալին Արմենը: Տեսնելով Արմենի և Գայանեի փոխադարձ սերը՝ նրանց միջև է կանգնում Գիքոն: Մեծ, սակայն անպատասխան սերը կարող է մղել նրան ստորության և դաժանության:
Անվախ և կռվարար, նա ոչ մի խոչընդոտ չի տեսնում իր ճանապարհին: Նա չի զիջի Գայանեին, Գայանեն պետք է իրեն պատկանի: Սակայն Գիքոյի ցանկությունը մնում է ապարդյուն: Նա հուսահատված է և ընկճված:
Նրա բորբոքված երևակայության մեջ գոյանում են մերթ Գայանեի, մերթ իրեն դատապարտող գյուղացիների, մերթ ատելի Արմենի պատկերները: Գիքոն լի է վրեժխնդրությամբ:
Երկրորդ գործողություն
Առավոտ է: Գայանեն ու Արմենը լեռներում են. երիտասարդ զույգն իր սերն է վայելում: Այստեղ են Արմենի ընկերները՝ Նունեն, Կարենը, մի խոսքով ողջ գյուղն է ներկա երիտասարդների սիրո վայելքներին: Հանկարծ Գիքոն անսպասելի և ծայրահեղ որոշում է ընդունում՝ փախցնել Գայանեին: Ընկերները օգնում են նրան փախցնել Գայանեին: Գյուղը խուճապի մեջ է: Արմենի ղեկավարությամբ հետապնդում է կազմակերպվում: Գիքոյին բռնում են: Շրջապատված կշտամբանքով լի հայացքներով, նա դես ու դեն է նետվում. Գիքոյի արարքին ներում չկա, նա այլևս չի կարող ապրել գյուղում:
Երրորդ գործողություն
Գյուղը տոնական զարդարանքի մեջ է: Գայանեն և Արմենը երջանիկ են: Ժողովուրդը հավաքվել է հարսանյանց հանդեսին: