վերադառնալ Ռոմեո և Ջուլիետ
Ռոմեո և Ջուլիետ
Ս.Պրոկոֆև
Բալետ 3 գործողությամբ
Առաջին գործողություն
Նախերգ
Լուսաբաց: Վերոնա: Հեռվից երևում է Ռոմեոն՝ Մոնտեգյուի որդին՝ տարված թաղծոտ անուրջներով:
Հրապարակ: Քաղաքն արթնանում է, և հետզհետե հրապարակում մարդիկ են հավաքվում: Մտնում են Ռոմեոյի ընկերները՝ Մերկուտիոն և Բենուոլիոն: Հայտնվում է Տիբալտն իր Կապուլետ ընկերների հետ: Մոնտեգյուներն ու Կապուլետները ոխերիմ թշնամիներ են: Հանկարծակի կռիվ է սկսվում Կապուլետների և Մոնտեգյուների միջև, որին միանում են նաև հայր Մոնտեգյուն և հայր Կապուլետը: Վերոնայի իշխանը մտնում է հրապարակ և կարգադրում է դադարեցնել ծեծը: Նա հրամայում է երկու գերդաստաններին էլ վերջ դնել իրենց երկարատև թշնամությանը և զգուշացնում է, որ հաջորդ անգամ մահապատիժ կլինի:
Ջուլիետի սենյակը : Մինչդեռ Կապուլետների տանը Ջուլիետը զվարճանում է իր դայակի հետ: Նրանց զվարճանքը ընդհատում է Ջուլիետի մայրը՝ ներկայացնելով Պարիսին որպես փեսացու:
Մի փողոց: Մերկուտիոն և Բենուոլիոն փորձում են Ռոմեոյին շեղել երազանքներից և որոշում են գնալ Կապուլետների դիմակահանդեսին:
Մի սրահ Կապուլետի տանը: Խնջույքն իր բուռն ընթացքի մեջ է, երբ մտնում են Ռոմեոն, Մերկուտիոն և Բենուոլիոն: Ռոմեոյի և Ջուլիետի հայացքները հանդիպում են, և այդուհետ նրանց ճակատագրերը միանում են: Տիբալտը ճանաչում է Ռոմեոյին և հրամայում է նրան լքել պարահանդեսը, սակայն Կապուլետը միջամտում է: Մերկուտիոն փորձում է շեղել Տիբալտի ուշադրությունը, մինչև Ռոմեոն և Ջուլիետը տարվել են միմյանցով:
Կապուլետի պարտեզը : Ռոմեոն գաղտագողի սողոսվում է Կապուլետների այգին՝ հույս փայփայելով կրկին անգամ տեսնել Ջուլիետին: Ջուլիետը հայտնվում է պատշգամբում և հանկարծ նկատում Ռոմեոյին: Երկու երիտասարդները սիրո խոստովանություն են անում:
Երկրորդ գործողություն
Հրապարակ : Հրապարակը բուռն տոնախմբության մեջ է: Իսկ Ռոմեոն երազում է միայն իր Ջուլիետի մասին: Գալիս է Ջուլիետի դայակը՝ ձեռքին մի երկտող: Ռոմեոն կարդում է, որ Ջուլիետը սպասում է իրեն Հայր Լավրենտիոսի մոտ:
Հայր Լավրենտիոսի մոտ : Ռոմեոն և Ջուլիետը գաղտնի ամուսնանում են: Նրանց միակ վկան Ջուլիետի դայակն է: Հայր Լավրենտիոսը հույս ունի, որ այս ամուսնությունն ի վերջո կհաշտեցնի երկու հակամարտող ընտանիքներին:
Հրապարակ: Խնջույքը շարունակվում է: Մտնում են Տիբալտը և ընկերները՝ փոխելով տոնակատարության տրամադրությունը: Սկսվում է կռիվ, որի ընթացքում Տիբալտը սպանում է Մերկուտիոյին: Ռոմեոն իրեն կորցնում է վշտից և սպանում է Տիբալտին: Հրապարակ է ներխուժում տիկին Կապուլետը խելացնորհ վիճակում: Ռոմեոն հասկանում է, որ հաշտեցման իր երազանքներն անհույս են:
Երրորդ գործողություն
Ջուլիետի սենյակը: Նորապսակ սիրահարների առաջին ու վերջին գիշերն է: Լուսաբացին Ռոմեոն պետք է հրաժեշտ տա իր սիրեցյալին և լքի Վերոնան: Դայակը զգուշացնում է, որ գալիս են Ջուլիետի ծնողները Պարիսի հետ միասին: Ջուլիետը մերժում է ամուսնանալ Պարիսի հետ, իսկ հայրը բարկանում է: Ծնողները դուրս են գալիս սենյակից: Ջուլիետը որոշում է օգնություն խնդրել Հայր Լավրենտիոսից:
Հայր Լավրենտիոսի մոտ : Ջուլիետն աղերսում է Հայր Լավրենտիոսին օգնել իրեն: Կրոնավորը տալիս է մի փոքրիկ սրվակ, որի պարունակությունը խմելուց հետո նա շատ խորը քնելու է և թվալու է՝ մահացած:
Ջուլիետի սենյակը: Ջուլիետի ծնողները ևս մեկ անգամ համոզում են ամուսնանալ, և նա սառնասրտորեն համաձայնվում է: Երբ Ջուլիետը մնում է միայնակ, հակառակ տառապանքների և մտավախությունների, խմում է սրվակի ամբողջ հեղուկը: Առավոտյան Ջուլիետի ընկերուհիներն են գալիս, որպեսզի արթնացնեն նրան: Դայակը բերում է Ջուլիետի հարսանյաց զգեստը և տեսնում է Ջուլիետին մահացած:
Կապուլետների դամբարանը: Ռոմեոն խելակորույս վշտով մտնում է դամբարան: Մտածելով, որ Ջուլիետը մեռած է, թույն է խմում և մահանում: Ջուլիետն արթնանում է, և տեսնելով Ռոմեոյին մահացած, ինքնասպան է լինում: