Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Սպարտակ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍՊԱՐՏԱԿ
ԲԱԼԵՏ


1954 թվականին Արամ Խաչատրյանը գրեց «Սպարտակ» բալետը: Լիբրետոյի հեղինակն էր Նիկոլայ Վոլկովը։ Առաջին անգամ բալետը բեմադրվեց 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմքում ընկած էր Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ 1959 թվականին բալետն արժանացավ ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։


Գործող անձինք`

  • Սպարտակ՝ ապստամբ ստրուկների առաջորդը
  • Կրասոս՝ հռոմեական զորահրամանատար
  • Ֆրիգիա՝ Սպարտակի սիրած էակը
  • Էգինա՝ կուրտիզանուհի, Կրասոսի հարճը
  • Գլադիատոր
  • Երեք հովիվ

Գլադիատորներ, ստրուկներ, միմոսներ, հովիվներ, կուրտիզանուհիներ, լեգիոներեներ, ստրկավաճառներ, պատրիկներ, պատրիկուհիներ, ժողովուրդ՝ թատրոնի արտիստներ
Գործողության տեղն ու ժամանակը՝ Հին Հռոմ

Համառոտ Բովանդակություն

Առաջին գործողություն


Պատկեր առաջին՝ «Արշավանք»:

Զորահրամանատար Կրասոսի գլխավորությամբ կայսերական Հռոմը վարում է դաժան, իր ճանապարհին ամեն ինչ ավերող, զավթողական հարձակում: Շղթայված գերիների մեջ են ստրուկների վերածված Սպարտակը և Ֆրիգիան:

Սպարտակի մենապարը: Նա անզոր հուսահատության մեջ է: Ծնված լինելով որպես ազատ մարդ՝ այժմ շղթայված ստրուկ է:

Պատկեր երկրորդ՝ «Ստրուկների շուկա»:

Ստրկավաճառներն իրարից բաժանում են գերի կանանց և տղամարդկանց հարուստ հռոմեացիներին վաճառելու համար: Սպարտակին բաժանում են Ֆրիգիայից:

Ֆրիգիայի մենապարը: Նրա վիշտը սահաման չունի: Նա սարասափով կանխազգում է ճակատագրի փորձությունները, որոնք սպառնում են իրեն:

Պատկեր երրորդ՝«Խրախճանք Կրասոսի մոտ »:

Միմոսներն ու կուրտիզանուհիները զվարճացնում են հյուրերին՝ ծաղրելով Կրասոսի նոր ստրկուհուն՝ Ֆրիգիային: Էգինան Կրասոսին ներքաշում է բաքոսյան մոլեգին պարի մեջ:

Գինուց և կրքից հարբած Կրասոսը զվարճանք է ուզում: Երկու գլադիատոր պետք է կռվեն իրար չտեսնելով (առանց ակնախոռոչների սաղավարտների մեջ) մինչև նրանցից մեկի մահը: Հաղթողի գլխից հանում են սաղավարտը՝ Սպարտակն է:

Սպարտակի մենապարը: Նա իր ընկերոջ ակամա մարդասպանն է դարձել: Հուսահատությունը նրա մեջ զայրութ ու բողոք է ծնում: Այլևս ստրկությանը համբերելու ուժ չկա: Ընտրությունը մեկն է՝ ազատություն:

Պատկեր չորրորդ՝ «Գլադիատորների զորանոցը»: Սպարտակը ապստամբության կոչ է անում գլադիատորներին: Ի պատասխան՝ նրանք հավատարմության երդում են տալիս և միասնական պոռթկումով դուրս պրծնում զորանոցից:


Երկրորդ գործողություն


Պատկեր հինգերորդ՝«Ապիյան ճանապարհ»: Գերությունից ազատված սպարտակյանները, հայտնվելով Ապիյան ճանապարհին՝ հովիվների շրջապատում, վերջիններիս կոչ են անում միանալ ապստամբներին: Ապստամբների առաջնորդ են հայտարարում Սպարտակին:

Սպարտակի մենապարը: Նա անհանգստացած է Ֆրիգիայի ճակատագրով: Սիրած էակի մասին հիշողությունները նրան հանգիստ չեն տալիս: Սպարտակի մտքերն ուղղված են դեպի սիրելին:

Պատկեր վեցերորդ՝ «Կրասոսի վիլլան»: Ֆրիգիայի փնտրտուքները Սպարտակին բերում են Կրասոսի շքեղ վիլլա: Հանդիպումը մեծ ուրախություն է պարգևում սիրահարներին:Սակայն պատրիկների երթը, որն առաջ է շարժվում Էգինայի գլխավորությամբ նրանց ստիպում է թաքնվել:

Էգինայի մենապարը: Նա վաղուց է երազում հրապուրել և իրեն ենթարկել Կրասոսին: Նա ցանկանում է նվաճել զորավարին և օրինականորեն մուտք գործել հռոմեական բարձրաշխարհիկ ազնվականության շրջանը:

Պատկեր յոթերորդ՝ «Խնջույք Կրասոսի մոտ»:

Կրասոսը տոնում է իր հաղթանակը: Պատրիկները փառաբանում են նրան: Խրախճանքի թեժ պահին սարսափելի լուր է հասնում. ապստամբած ստրուկները շրջապատել են վիլլան:

Խուճապահար հյուրերը փախչում են: Փախչում են նաև վախեցած Կրասոսն ու Էգինան: Վիլլա է ներխուժում Սպարտակը:

Սպարտակի մենապարը: Հաղթանակ: Այն թև է տալիս նրան, հույս ներշնչում հաղթանակի հանդեպ:

Պատկեր ութերորդ՝ «Սպարտակի հաղթանակը»:Սպարտակյանները բռնել են Կրասոսին և պատրաստ են սպանել նրան, սակայն Սպարտակը դատաստան տեսնել չի ուզում, նա առաջարկում է ազնվորեն մենամարտել: Կրասոսն ընդունում է մարտահրավերը և պարտություն կրում: Սպարտակը նրա ձեռքից խլում է թուրը: Կրասոսը պատրաստ է մահն ընդունել ցուցադրաբար, սակայն Սպարտակը հեռու է վանում անարգվածին: Թող բոլորն իմանան խայտառակության մասին: Ցնծացող ապստամբները փառաբանում են Սպարտակի հաղթանակը:


Երրորդ գործողություն


Պատկեր իններորդ՝ «Կրասոսի վրեժը»: Կրասոսը տանջվում է կրած խայտառակության պատճառով: Էգինան նրան վրիժառության կոչ է անում: Ընտրությունը մեկն է. ապստամբները պետք է մեռնեն: Կրասոսը լեգիոններ է հավաքում: Էգինան ճանապարհում է նրան հաղթելու:

Էգինայի մենապարը: Սպարտակը նաև նրա թշնամին է: Կրասոսի պարտությունը նրա համար ևս կործանարար կլինի: Էգինան նենգամիտ ծրագիր է մշակում. Խռովություն սերմանել Սպարտակի ճամբարում:

Պատկեր տասներորդ՝ «Սպարտակի ճամբարը»:

Սպարտակը երջանիկ է Ֆրիգիայի հետ: Անսպասելիորեն հրամանատարները բերում են Կրասոսի մեծ բանակի հարձակման լուրը: Սպարտակն առաջարկում է ընդունել մարտը, բայց ոմանք, ցուցաբերելով վախկոտություն լքում են առաջնորդին:

Սպարտակի մենապարը: Նա կանխազգում է առաջիկա ճակատամարտի ողբերգական ելքը, բայց հանուն ազատության պատրաստ է զոհաբերել կյանքը: Զինվորները, ովքեր նվիրված են Սպարտակին, պատրաստ են նրա հետ մարտի գնալու:

Պատկեր տասնմեկերրորդ՝«Կազմալուծում»: Էգինան ծածուկ մոտենում է Սպարտակից հեռացած դավաճանների ճամբարին: Կուրտիզանուհիների հետ միասին նա գինով և էրոտիկ պարերով գայթակղում է վտանգի մասին մոռացած զինվորներին: Դավաճաննեին ծուղակը գցելով՝ Էգինան նրանց հանձնում է Կրասոսին:

Կրասոսի մենապարը: Նա լի է վրեժով: Սպարտակն իր մահով պետք է վճարի այն նվաստացման համար, որ կրել է Կրասոսը:

Պատկեր տասներկուերրոդ՝ «Վերջին ճակատամարտ»: Լեգիոնները շրջապատում են սպարտակյաններին: Անհավասար մարտում զոհվում են Սպարտակին նվիրված ընկերները: Նա մինչև վերջին շունչը խիզախորեն վարում է մարտը, բայց լեգիոներների օղակը գնալով սրվում է վիարավոր Սպարտակի շուրջը, և նրանք նիզակաների վրա խաչում են Սպարտակին:

Ռեքվիեմ: Մարտադաշտում Ֆրիգիան գտնում է Սպարտակին: Նա սգում է իր սիրելիի մահը, անհնար է սփոփել նրա վիշտը: Ձեռքերը դեպի երկինք կարկառելով՝ Ֆրիգիան աղերսում է հավերժ հիշել հերոսներին: