Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Համառոտ

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք հանդիսացող օպերային թատրոնը: Սա պարզապես մշակութային կառույց չէ, այլ ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ ճարտարապետ Թամանյանի այս գլուխգործոցը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է գլխավոր մրցանակին:

Բացի այդ թատրոնը հիմնադրվել է հայ ժողովրդի համար պատմական դժվարին ժամանակահատվածում՝ նախորդ դարի առաջին կեսին, երբ ժողովուրդը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն օպերային թատրոն ունեալու ցանկությունը վեր էր ցանկացած տեսակի նյութական դժվարությունից: Հայաստանի օպերային թատրոնից են բարձրանում ազգային օպերայի ամեն մի հնչյունը, ազգային բալետի ամեն մի ճախրանքը, բեմի գույները: Նոր Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ շուքով, դասական գեղեցկությամբ, փառահեղ բեմով և ավելի քան 1300 տեղ ունեցող հադիսասրահով, ընդարձակ ճեմասրահներով ու օթյակներով:

Իսկ Հայաստանի օպերային թատրոնի վարագույրը բացվեց 1933 թվականի հունվարի 20-ին: Հայ ժողովուրդը, որն ուներ թատրոնի երկհազարամյա պատմություն, միայն քսաներրոդ դարում հնարավորություն ունեցավ աշխարհ բերել երաժշտաթատերական արվեստի գագաթը հանդիսացող օպերայի և բալետի թատրոնի պատմության: Երեք «Ա»-երին` «Ալմաստ», «Անուշ», «Արշակ Երկրորդ» օպերաներին բեմական կյանք տալու հետ մեկտեղ, Ա. Սպենդիարյանի անվան թատրոնը դարձավ երաժշտաթատերական նոր երկրի ծննդյան, կոմպոզիտորների երևակայության խոշոր ազդակ: Այստեղ է ամփոփված հայ երաժշտական կյանքի ամենաշքեղ կենսագությունը: Այն ութսուն տարուց ավելի դարձել է յուրաքանչյուր հայի զգացմունքների, մտքերի, նվիրական իղձերի սրբազան օջախ, մեր երաժշտական մշակույթի պարծանք, իսկ օտարերկրացիներին Հայաստանը տեսնելու առիթ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը միակն է աշխարհում, որ կոչված է հայկական օպերային և բալետային արվեստի զարգացմանը: Տարիներ առաջ Արամ Խաչատրյանի ներկայությունը և հատկապես «Սպարտակ» բալետի ստեղծումը հաստատեց հայ կոմպոզիտորների գործերի մշտական ներկայությունը թատրոնի պատմության մեջ:

Ներկայումս Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը ապրում է իր զարգացման լավագույն շրջանը: Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Իսկ Հայաստանի օպերային և բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերը: Ասվածի վառ ապացույցն է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի փայլուն ներկայացումը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, որի մասին ճանաչված բալետային քննադատները բացառապես հիացմունքի խոսքեր հայտնեցին: Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային և բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու համար: