Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Առաքելություն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է մեր երկրի հիմնական մշակութային խորհրդանիշերից մեկը: Ամենևին էլ պատահական չէ, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի գլխավոր թատրոնին է վստահվել մեր երկիրը աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելու պատվաբեր և պատասխանատու գործը:

Ավելի քան ութսուն տարի օպերայի և բալետի թատրոնը հայ հանդիսատեսին, ինչպես նաև Հայաստան այցելող հյուրերին հաղորդակից է դարձնում մեր և համաշխարհային մշակույթի գլուխգործոցներին: Հենց այստեղից են տասնամյակներ շարունակ կյանք ու թռիչք ստացել օպերային արվեստի համաշխարհային լավագույն գործերը:

Հայաստանի գլխավոր թատրոնի առաջնահերթությունների շարքում բոլոր ժամանակներում կարևորվել է ոչ միայն բարձրարժեք մշակույթին հաղորդակից դարձնելու գործը, այլև հենց այստեղ են ձևավորվել բոլոր այն ստեղծագործ ուժերը, որոնցով թատրոնը ներկայացել է հանդիսատեսին՝ համաշխարհային մշակութային ընտանիքին տալով հարյուրավոր հնչեղ անուններ:

Այսօր էլ թատրոնի ստեղծագործական խմբերը շարունակում են բոլոր այն թատերական, երաժշտական ավանդույթները, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում: Թատրոնը կենդանի օրգանիզմ է և մշտապես գտնվում է ստեղծագործական փնտրտուքների, նոր գաղափարների իրականացման գործընթացում: Թատրոնի կարևորագույն առաքելությունն է նաև հանդիսատեսի մոտ բարձր ճաշակ ձևավորելը: Ազգային օպերայի լավագույն գործերն այսօր էլ շարունակում են ներկայացվել օպերային թատրոնում՝ դառնալով Հայաստան այցելող ցանկացած օտերերկրացու համար կարևորագույն մշակութային հաստատությունը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարբերաբար ներկայանում են նաև համաշխարհային հռչակ վայելող լավաագույն օպերային և բալետային արտիստները: Հատկապես կարևորվում է ազգությամբ հայ հրավիրյալ արտիստների մասնակցությունը խաղացանկային ներկայացումներում և տարբեր համերգային ծրագրերում:

Թատրոնում կարևոր տեղ է հատկացվում կամերային և սիմֆոնիկ համերգային երեկոներին՝ ինչը հնարավորություն է տալիս հանդիսատեսին հաղորդակից դառնալու համաշխարհային երաժշտական գանձարանի լավագույն ստեղծագործություններին: