Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Արշակ Երկրորդ

Տ. Չուխաջյան
ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ
Օպերա 2 գործողությամբ


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ`

  • Արշակ II՝ Մեծ Հայքի արքա
  • Վարդան՝ Արշակի զինվոր
  • Փառանձեմ՝ Սյունիքի արքայադուստ, Գնելի կինը
  • Գնել՝ Սյունիքի արքայազն, Արշակի եղբայր
  • Վալենսիա՝ Սյունիքի արքայազն, հայկական բանակի հրամանատար
  • Օլիմպիա՝ Մեծ Հայքի արքայադստեր, Հռոմեական կայսրի դուստր
  • Ներսես՝ Մեծ Հայքի կատողիկոս
  • Պոլիսենա
  • Տիրան արքայի ոգին
  • Արշակի ոգին/ Օլիմպիայի որդի


Համառոտ բովանդակություն

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿեՐ ԱՌԱՋԻՆ: Հայոց արքա Արշակ Երկրորդը, հաղթելով Պարսից Շապուհ թագավորին, փառքով վերադառնում է մայրաքաղաք: Արքունի պալատում նա ողջունում է ամենքին, ցանկանում ժողովրդին հավիտենական փառք: Սպարապետը երդվում է մինչև վերջ ջախջախել թշնամիներին` ի փառս հայրենիքի: Ներսես կաթողիկոսը օրհնում է հաղթողներին: Ժողովուրդը ցնծալի խանդավառության մեջ է:

Թագավորին ողջունում է իշխանուհի Փառանձեմը: Իր ամուսնու մահվան պատճառով նա սգի մեջ է: Իշխանուհին խնդրում է թագավորից իր հայրենի երկիրը` Սյունիք վերադառնալու թույլտվություն: Իշխան Տիրիթը սիրում է Փառանձեմին և ցանկանում է, որ նա մնա արքունիքում:

Թագուհի Օլիմպիան նույնպես ողջունում է Արշակին` Հայաստանի և Բյուզանդիոնի թշնամիների հաղթողին: Օիմպիային ուղեկցում են Վաղես կայսեր դեսպանները: Արքան հետաձգում է տեսակցությունը նրանց հետ:

Ժողովուրդը փառաբանում է Արշակունյաց և Մամիկոնյանց տոհմերը:

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ: Փառանձեմը եկել է նորից խնդրելու արքային, որ թույլ տա իրեն Սյունիք վերադառնալ: Նա չի կարող մնալ այստեղ, ու ամեն ինչ հիշեցնում է իր սիրեցյալ ամուսնուն` Գնելին, ով սպանվել է թագավորի հրամանով: Արշակը բացատրում է Փառանձեմին, որ Գնելը մահապատժի է ենթարկվել դավաճանության համար` նա դավադրություն էր կազմակերպել Բյուզանդական կայսեր հետ իր հայրենիքի և թագավորի դեմ:

Չվստահելով խռովարարի կնոջը և ցանկանալով կանխել դավադրությունը Սյունիքում` Արշակը կարգադրում է կառուցել Փառանձեմի համար մի շքեղ դղյակ:

Դարանակալ Տիրիթը հետևում է արքայի ամեն մի քայլին: Նա Պատրաստ է օգնելու պարսից Շապուհ թագավորին: Այդ կերպ նա կխլի արքայական գահն ու կտիրանա Փառանձեմին:

Գալիս են Օլիմպիան և իշխան Սպանդարատը: Վերջինիս հայտնում է Օլիմպիային, թե թագավորը պատահաբար չէ անբարյացակամ Վաղես կայսեր դեսպանների նկատմամբ և նույնպես պատահական չէ, որ նա խուսափում է թագուհուց: Սպանդարատը խորհուրդ է տալիս թագուհուն հեռացնել Փառանձեմին արքունիքից: Այդ կերպ միայն կարելի է վերստին նվաճել արքայի սիրտը: Օլիմպիան չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ Արշակը չի սիրում իրեն:

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ: Մի խումբ նախարարներ իշխան Տիրիթի գլխավորությամբ դավ են նյութում թագավորի դեմ: Նրանք օգնություն են սպասում Շապուհ թագավորից և դավաճան Մերուժանից:

Փառանձեմը ողբում է իր դաժան բախտը: Տիրիթը հայտնում է Փառանձեմին, որ մնալով պալատում` նա դարձել է արքայի գերին: Իսկ ինքը` Տիրիթը, պատրաստ է արքայասպան դառնալ, պատրաստ է թագուհի դարձնել Փառանձեմին: Այդ առաջարկը վրդովում է Փառանձեմին:

Ներս է մտնում Արշակը: Նրան արդեն հայտնի է Տիրիթի դավադրությունը: Արքան ցանակնում է իմանալ, թե ինչի մասին էին նրանք զրուցում: Տիրիթը հայտնում է թագավորին, որ սիրում է Փառանձեմին: Արշակի համար պարզ է դառնում, որ Տիրիթը Գնելի մեղսակիցներից է և մատնել է նրան` ցանկանալով ձեռք բերել Փառանձեմի սերը:

Ներս են բերում պարսիկ գերուն, որի միջոցով դավադիրները նամակ էին ուղարկել Շապուհին: Տիրիթի դավաճանություն բացահայտվում է: Հանցանքների մեջ մերկացված և բարոյապես պարտված Տիրիթին Արշակը մահապատժի է դատապարտում:


ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ: Արշակը և Դրաստամատը զրուցում են: Արշակը լսել է Սպանդարատի գլխավորած նոր դավադրության մասին: Մթության մեջ նա նկատում է Փառանձեմին: Վերջինիս շատ հուզված է: Շուրջը նա զգում է միայն նենգություն, դավ, իսկ թագավորը թվում է ահեղ, սարսափելի ու դաժան մի մարդ, որին մեծարում են` միայն երկյուղից դրդված: Արշակը բացատրում է, որ ինքը սոսկալի ու ահեղ է միայն դավաճանների ու դավադիրների նկատմամբ:

Արքան ցույց է տալիս Փառանձեմին դավադիր նախարարներին, որոնց մեջ է նաև Օլիմպիան: Սպանդարատը համոզում է թագուհուն խնդրել Բյուզանդական Վաղես կայսերը հանկարծակի պատերազմով ջախջախել Արշակի հզորություն և հպատակեցնել նրան: Միայն այդ միջոցով Օլիմպիան կարող է վերադարձնել Արշակի սերը:

Հետևելով նենգ խորհրդին` Օլիմպիան երդվում է պատերազմ հրահրել Բյուզանդիոնի և Հայաստանի միջև:

Արքան հրամայում է Դրաստամատին դավադիրներին կալանավորել:

Արշակ արքան նախազգում է նոր խարդավանք:

Նա իր զգացմունքներն է հայտնում Փառանձեմին, ով համոզում է նրան ներել թագուհուն:

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ: Տաճար: Ներսես կաթողիկոսի խնդրանքով թագավորը ներում է շնորհել թագուհուն և դավադիր նախարարներին:

Կաթողիկոսը օրհնում է ժողովրդին, իր քարոզով հորդորում դավադիրներին մոռանալ չար դավերը, երդում տալ հավատարիմ լինել թագավորին և հայրենիքին: Այսպես միայն երկրում անդորրը հավետ կիշխի:

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ: Շեփորներն ազդարարում է հաշտության հանդեսի սկիզբը: Արքունիքում տոնախմբություն է:

Սպանդարատը Օլիմպիային է տալիս թունավորված գինով լի մի գավաթ: Թագուհին մատուցում է գավաթն Արշակին ու խնդրում խմել ի նշան հաշտության: Մռայլ նախազգացումները տանջում են Փառանձեմին: Մոտենալով թագավորին` նա խնդրում է թույլ տալ իրեն ըմպել գավաթից:

Վստահ լինելով, որ գավաթի մեջ արդար գինի է, Օլիմպիան ինքն է խմում և ապա փոխանցում գավաթն Արշակին: Հանկարծ Օլիմպիան նետվում է դեպի արքան և խնդրում նրան չխմել գինին:

Արքան ներկաներին արգելում է հեռանալ սրահից և ապա հրամայում ձերբակալել Սպանդարատին:

Օլիմպիան մահանում է:

Սպանդարատը խոստովանում է իր հանցանքը: Նրան ենթարկում են մահապատժի:

Թագավորն անընկճելի է նույնիսկ մահու և դավադրության վտանգի պահին: Նա առաջարկում է նորից լցնել գավաթները: Փառանձեմը փրկեց արքայի կյանքը: Արշակն առաջարկում է խմել նրա կենացը: Ժողովուրդը վերստին շրջապատում է իր արքային` Հայոց աշխարհը միավորողին: